Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը կողմ է, որ արտաքին գործերի նախարարության աշխատանքի համակարգումը դուրս լինի պետական նախարարի վերահսկողությունից։ 

«Անթույլատրելի է, որ Արտաքին գործերի նախարարությունը կամ ուժային կառույցները լինեն նախագահի լիազորություններից դուրս, որեւէ այլ պաշտոնյայի լիազորությունների ներքո։ Ըստ Սահմանադրության՝ նախագահն է ղեկավարում երկրի արտաքին կուրսը, ինքը պետք է այդ լիազորությունները ստանձնի, հակառակ պարագայում կարող են խնդիրներ առաջանալ։ Պետնախարարը պետք է զբաղվի տնտեսության, ներքին հարցերով, ճիշտ ձեւը սա է»,– նշեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդանյանը երեկ՝ փետրվարի 23-ին,  ազատվել է պետական նախարարի պաշտոնից։ Նախագահը Կառավարության նիստին հայտարարել է, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Գլխավոր դատախազությունից այսօր NEWS.am-ին հայտնել են, որ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկը։

Նախօրեին Կառավարության նիստում, երբ Արայիկ Հարությունյանը հայտարարեց Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին, նա հայտնեց, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների եւ արտաքին գործերի նախարարության: Մինչեւ այժմ պետնախարարի վերահսկողությունից դուրս էին միայն ուժային մարմինները։