Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ փետրվարի 27–ին, հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ԱԳՆ–ից, նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը:

Այս համատեքստում արժեւորվել են ԿԽՄԿ ջանքերն Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի, բռնի անհետացման դեպքերի եւ անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած հանձնառությունները, ինչպես նաեւ միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության նորմերը:

Շեշտվել է նաեւ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարեւորությունը։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերների հասցեագրմանը:

Նախարար Միրզոյանը շեշտել է նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաեւ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հրամայականը: