2009թ. առաջին 9 ամիսների կտրվածքով Հայաստանի ամենամեծ հարկատուն «Վիվասելլ»-ն է:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակը, որը գլխավորում է «Ղ-Տելեկոմ» ընկերությունը: Վերջինս հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե է վճարել 12 մլրդ 710 մլն 809 հազար դրամ:
Ցանկում 2-րդը «Արմենթել»-ն է՝ 10 մլրդ 794 մլն 487 հազար դրամով, իսկ նրան հաջորդում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 10 մլրդ 741 մլն 130 հազար դրամով եւ «Հայռուսգազարդը»՝ 10 մլրդ 714 մլն 595 հազար դրամով: Ցանկում 5-րդ եւ 6-րդ հորիզոնականներում են հայտնվել վառելիք ներմուծող «Ֆլեշ» եւ Սիթի Պետրոլ Գրուպ" ընկերությունները՝ համապատասխանաբար 8 մլրդ 399 մլն եւ 5 մլրդ 783 մլն դրամ հարկերով:
7-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցերն» են՝ 4 մլրդ 575 մլն-ով, իսկ 8-ում՝ սիգարետների ներկրմամբ զբաղվող «Վիդիս դիսթրիբյուշն» ընկերությունը՝ 4 մլդ 574 մլն դրամով:
9-րդ տեղում է հայտնվել «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ 3 մլրդ 843 մլն-ով: Լավագույն տասնյակը եզրափակում է «Օրանժ Արմենիան», որը թեեւ չի սկսել ծառայությունների մատուցումը, բայց հասցրել է պետբյուջե վճարել 3 մլրդ 574 մլն դրամ գումար:
Նախորդ տարիներին Հայաստանի ամենախոշոր հարկատուն համարվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով միայն 15-րդն է՝ պետբյուջե վճարած 2 մլրդ, 126 մլն դրամով:




























