Համահայկական համաժողովը նվիրված է Սփյուռքում հայապահպանության խնդրին, սակայն այդ համատեքստից առանձնանում է ջավախահայության խնդիրը, քանի որ այդ տարածաշրջանը Սփյուռքի մաս չի համարվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախգահ Շիրակ Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով` ջավախահայերն ապրում են իրենց պատմական հայրենիքի տարածքում,  սակայն որոշ խնդիրներ նույնական են. օրինակ` հայոց լեզվի եւ հայկական ինքնության պահպանության հարցերն ընդհանուր են: Թորոսյանի խոսքով` այս խնդիրը Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող  քաղաքականության հետեւանք է. «Ներկայումս հայերենը իշխանությունների կողմից վտանգի տակ է, ինչը մարդու իրավունքների խախտում է: Այսօր անհրաժեշտ է շոշափել այդ հարցերը,  քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները»:

Թորոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե թեկուզ մի փոքր թուլացվի զգոնությունը, Ջավախքի հայերը եւս կհամալրեն Սփյուռքի շարքերը:

Նշենք, որ Հայաստանում սեպտեմբերի 19-20-ն անցկացվում է  Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով` նվիրված  Հայաստանի անկախության  20-ամյակին: