Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը եւս երկու ամիս կանցկացնի անազատության մեջ:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 19-ին հրապարակել է Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդության վերաբերյալ վճիռը` Հովհաննես Թամամյանի խափանման միջոցը երկու ամսով երկարաձգելու մասին: Միջնորդությունը ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայության քննիչ Արմեն Նադիրյանը:
Նշենք, որ դատարանը սեպտեմբերի 14-ին կայացած նիստում քննել էր միջնորդությունը, սակայն գործով որոշում չէր կայացրել եւ հեռացել էր խորհրդակցական սենյակ:
Հովհաննես Թամամյանի կալանքը երկարաձգվում է արդեն երրորդ անգամ: Արդեն երկրորդ անգամ դատական նիստը կայանում է առանց Հովհաննես Թամամյանի մասնակցության, նա պարզապես հրաժարվել է մասնակցել դրանց:
Թամամյանը անազատության անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից:
Գեներալ-մայորը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):




























