ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին նվազեցնել լարվածությունը Իսրայելի հետ հարաբերություններում եւ վերականգնել նախկին կապերը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ, Քլինթոնն ընդգծել է, որ այս տարածաշրջանում առանց այդ էլ անհանգիստ իրավիճակ է, հաղորդում է BBC-ն:

ISRAland-ի տվյալներով, Հիլարի Քլինթոնը խնդրել է Դավութօղլուից «չփակել դուռը Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորության առաջ»:

Միաժամանակ, Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իցհակ Արոնովիչը հայտարարել է, որ Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչը հետ է կանչվել Թուրքիայից, քանի որ տեղի գործընկերները հրաժարվում են նրա հետ աշխատել:

Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները վատացան նախորդ տարի, երբ իսրայելական հատուկջոկատայինները Գազայի հատված ուղեւորվող թուրքական «Մավի Մարմարա» նավը գրավելիս սպանեցին 9 թուրքի:

Լուսանկարը ISRAland/AP-ի