Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին դեմ է հանդես եկել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը:

«Մենք չենք ցանկանում Թուրքիայի լիիրավ անդամակցություն Եվրամիությանը»,- ընդգծել է Մերկելը` Ալսֆելդում Քրիստոնեա-դեմոկրատական միության տարածաշրջանային կոնֆերանսի ժամանակ: Նա նաեւ հավելել է, որ Գերմանիան չի ցանկանում կորցնել Թուրքիային, որպես կարեւոր գործընկեր:

«Թուրքիան կարեւոր է մեզ համար, մեզ սերտ փոխգործակցություն է անհրաժեշտ»,-ասել է նա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ.-ը:

Սեպտեմբերի 19-ին, Թուրքիայի  նախագահ Աբդուլլահ Գյուլը Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան չի ընդունում «ռազմավարական գործընկերություն» եզրը, որը Թուրքիայի հետ հարաբերություններում  առաջարկել է Անգելա Մերկելը: Նրա խոսքով, Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ԵՄ անդամակցությունից եւ «պետք է հնարավորություն ստանա հաջողությամբ ավարտել ԵՄ անդամակցությանն ուղղված դադարեցված բանակցությունները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Գերմանիա այցի նախօրեին Թուրքիայի նախագահը Suedeutsche Zeitung-ին տված հարցազրույցում անթույլատրել էր համարել, որ ԳԴՀ այցելելու համար Թուրքիայի քաղաքացիներից վիզա են պահանջում, մինչդեռ գերմանացիները կարող են ազատ այցելել Թուրքիա:

Նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ Թուրքիան առաջվա պես ձգտում է ԵՄ: Նրա խոսքով, երկիրը բեռ չի դառնա եվրոպական պետությունների համար, ընդհակառակը թուրքական հզոր տնտեսությունը կօգնի ԵՄ-ին հաղթահարել ճգնաժամը:

Հիշեցնենք, որ 2011 թ. սկզբին, երբ Էրդողանը այցելեց Կիպրոս, Մերկելը մեղադրեց Թուրքիային` Կիպրոսի խնդրի լուծմանը խոչընդոտելու մեջ: Դրան կոշտ ձեւով արձագանքեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը` խորհուրդ տալով Մերկելին վերընթերցել պատմության դասագրքերը: