Հայաստանի անկախության 20 տարիների ամենամեծ ձեռքբերումը հենց 20-ամյակն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը` գնահատելով Հայաստանի անկախության 20-ամյա ուղին:

«Հաճախ հարցնում են` ի՞նչ է տվել 20-ամյակը: 20-ամյակը հենց նա է, որ 20-ամյակ է: 20 տարի մենք ապրում ենք Աստծո օրենքներով: Աստծո օրենքները անկախություն են եւ մարդու համար, եւ ազգի, եւ պետության: Մնացածը հարատեւ աշխատանք է` ինչպես ամբողջ մոլորակի ժողովուրդը, այնպես էլ մենք պետք է անցնենք այդ ճանապարհով եւ կերտենք մեր ապագան»,- նշել է Սամվել Նիկոյանը:

Վերջինս նկատեց, որ չի կարող նշել անկախության շրջանի ամենամեծ կորուստները: «Ցավով պետք է նշել, որ այն հզոր անհատները, որ անկախության համար դրել են իրենց կյանքը, լավագույնը, ինչը ունեին, մեր ազգային արժանապատվության զոհասեղանին, մեզ հետ չեն: Դա է կորուստը: Իսկ այն որ տեմպերի մեջ մեկը կարող է գնահատել դանդաղ, կամ արագ, պատմությունն ամեն ինչ կուղղի: Ցավոք այդ հզոր անհատները մեզ հետ չեն»,- ամփոփել է Նիկոյանը: