Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մարտի 8-ին կայցելի Թուրքիա՝ Քահրամանմարաշի երկրաշարժերից հետո համերաշխություն ցուցաբերելու եւ ցավակցություն հայտնելու համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
Սպասվում է, որ Աբդոլլահիանը կհանդիպի իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ եւ կայցելի Ադիյաման նահանգում աղետի գոտի։
Հանրապետության հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում եւ հարեւան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան:





























