Երեւանի Հանրապետության հրապարակով անցնում են զորահանդեսի առաջին ստորաբաժանումները:

Զորահանդեսի հրամանատարի մեքենայի ետեւից թմբուկների հարվածների ներքո անցնում է պաշտպանության նախարարության Մարտական դրոշի դրոշակակիր քառյակը: Քառյակը գլխավորում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը:

Այնուհետ անցնում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թմբկահարները: Վարժարանն իր գոյության ընթացքում տվել է մոտ 1000 շրջանավարտ, որոնցից շատերը համալրել են զինված ուժերի շարքերը:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ, գնդապետներ Ռոմիկ Մարգարյանի, Հենրիկ Մուրադյանի, Ալբերտ Քարամյանի գլխավորությամբ հրապարակով անցան նաեւ ազատամարտի փառապանծ մարտիկները, իսկ նրանց հաջորդեցին զինված ուժերի հոգեւոր սպասավորների խումբը` Վրթանես եպիսկոպոսի գլխավորությամբ:

Զորահանդեսը շարունակել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հրամանատարությամբ: Այս հաստատությունը հայկական բանակի սպայական կազմի հիմնական դարբնոցն է, որտեղ դասավանդում են մանկավարժական բազմամյա փորթ ունեցող մասնագետներ: Ինստիտուտի 2850 շրջանավարտներ համալրել են զինված ուժերի շարքերը, իսկ նրանցից 1065-ը պարգեւատրվել են շքանշաններով ու մեդալներով, գերատեսչական պարգեւներով:

Գնդապետ Դանիել Բալայանի հրամանատարությամբ հրապարակով անցան մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները: Ինստիտուտը պատրաստել է շուրջ 500 օդաչուներ, շտուրմաններ, ինքնաթիռային, ուղղաթիռային եւ ավիացիոն սպառազինությունների տեխնիկներ ու ճարտարագետներ, հակաօդային պաշտպանության մասնագետներ, համազորային կապավորներ, որոնցից 206-ը արժանացել են շքանշանների ու մեդալների, գերատեսչական պարգեւների: