Այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը այդպես հենվում է Թուրքիայի վրա, տեղակայելով ՆԱՏՕ-ի Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրեր, Հայաստանին դրական սպասումների առիթ չի տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Որպես նման քայլի հետեւանք` Մանոյանը նշեց տարածաշրջանում լարվածության ավելացումը: «Անհանգստանալու առիթ ունի ոչ միայն Իրանը, այլեւ Հայաստանը: Տրածաշրջանում ԱՄՆ-ի համար ամենավստահելի երկիրը Թուրքիան է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի խնդիրները չեն նվազի, քանի որ Թուրքիան Հայաստանի համար հիմնական սպառնալիքներից է»:
Մանոյանի խոսքով` ԱՄՆ -ն Թուրքիային վստահել է իր անվտանգության հենակայաններից մեկը, իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ սպառնալիքի տակ են լինելու Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները: Իրավիճակի նման զարգացումից խուսափելու համար Հայաստանն ամեն ինչ պետք է ճիշտ ներկայացնի ԱՄՆ-ին. այն, որ Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք է, եւ դրա վկայությունն է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հակակրթիռային համակարգերի (ԵվրոՀՀՊ) շրջանակում սեպտեմբերի 14 –ին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է վաղ նախազգուշացման ռադարի տեղակայնման մասին համաձայնագիր:




























