Ֆրանսիայի դատախազ Միշել Մաեսը խնդրել է Ժակ Շիրակի վրայից հանել «մեռյալ հոգիների» գործով մեղադրանքները, հայտնում է France 24-ը։

Նա նաեւ խնդրել է արդարացնել նույն գործով անցնող եւս 9 մարդու։ Նման որոշում մեղադրող կողմն ընդունել է պատասխանողների հակաօրինական գործողությունների ապացույցների բացակայության պատճառով։

«Ես խնդրում եմ արդարացնել պատասխանողին՝ նրան ներկայացված բոլոր մեղադրանքներով»,- դատարանում հայտարարել է դատախազը, հաղորդում է РБК-ն։

Հիշեցնենք, որ 78-ամյա Շիրակը մեղադրվում է ծառայողական լիազորությունների գերազանցման եւ պետական ունեցվածքի հափշտակման մեջ։

Շիրակի վատ վիճակի պատճառը սրտային նոպան էր, որ նա տարել էր 2006 թվականին։ Շիրակը վատ է տեսնում եւ լսում, դժվարությամբ է շարժվում։ Դատական նիստն ընթացել է առանց նրա։ Նրան մեղավոր ճանաչելու դեպքում նախկին նախագահին սպառնում էր մինչեւ 10 տարվա ազատազրկում եւ տուգանք՝ 150 հազար եվրոյի չափով։ 1995-2007 թվականներին Շիրակը, լինելով նախագահ, դատական հետապնդումների հանդեպ իմունիտետ ուներ։