Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Անկախության 20-ամյակի կապակցությամբ: «Ուկրաինայի ժողովրդի եւ իմ անունից շնորհավորում են Ձեզ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Բավարարվածությամբ նշում եմ երկկողմ հարաբերությունների էական ակտիվացումը»,-ասվում է շնորհավորական ուղերձում:

Յանուկովիչը համոզմունք է հայտնել, որ հայ-ուկրաինական համագործակցության հետագա զարգացման մեջ փոխադարձ հետաքրքրվածությունը կնպաստի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության արդիական հարցերի լուծմանը. «Հարգելի Սերժ Սարգսյան, Ձեզ մաղթում եմ ամուր առողջություն եւ հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության, իսկ բարեկամական հայ ժողովրդին` բարեկեցություն եւ բարգավաճում»,-հավելել է նա:

Նշենք, որ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն հռչակելու հարցով: Մոտ 2 միլիոն 50 հազար մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 94,99 տոկոսը «Այո» ասացին անկախությանը: Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ: Երկու օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: