Անկախության 20-ամյակի ամենամեծ ձեռքբերումն, իհարկե, Արցախի` մեզ պարտադրված հաղթանակում տարած մեծ հաղթանակն էր եւ բանակի ձեւավորումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:

Վերջինիս կարծիքով, ամենամեծ կորուստն էլ «հասարակությանը քաղաքական գործընթացներից դուրս թողնելու, հասարակության քվեն արհամարհելու վերջին տարիներին ձեւավորված սովորույթն է»:

Հարցին, թե ի՞նչ պետք է անել, որ այդ քվեն վերադարձվի ժողովրդին, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Արդար ընտրություններ պետք է կազմակերպել, գալ այդ գիտակցության, որ արդար ընտրություններն անհրաժեշտ են: Դա պիտի սկսվի յուրաքանչյուր քաղաքացուց, որ հասկանա, որ իր քվեն դրամով չի վաճառվում, որ իր քվեն արժեք է, որի համար պատասխան են տալիս նաեւ իր զավակներն ու թոռները մինչեւ գործող իշխանություն ու ընդիմություն: Եւ այս առումով լուրջ պայքար է նախատեսվում, եւ այդ պայքարն է, որ հնարավորինս շուտ կամ ուշ պիտի բերի դրան»:

Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէին մասնակցում պետական միջոցառումներին, մասնավորապես Երեւանում անցկացված զորահանդեսին: Արամ Սարգսյանի խոսքով, դրա պատճառը կրկին ընտրություններն են: «Ընտրությունների ժամանակ հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ հաղթող եւ պարտվող թեկնածուներն ընդունում են, որ իրենք հաղթել կամ պարտվել են արդար ընտրությունների արդյունքում:

Այդ դեպքում չկա թշնամանք, կա մրցակցություն: Իսկ երբ թեկնածուներից մեկն զգում է, որ իրեն խաբել են, որ ընտրություններն արդար չեն եղել, հաղթողը արդար չի հաղթել, եւ դա տեսնում է ժողովուրդը, առաջանում է թշնամանք, առաջանում է հակակրանք, ինչն էլ բերում է նրան, որ երկրում որեւէ միջոցառում չի լինում կազմակերպել ազգովի: Այսինքն, ընտրությունների կարեւոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ թեկնածուներն ընդունեն իրենց հաղթանակը կամ պարտությունը արդար ընտրությունների պարագայում»,- նշել է նախկին վարչապետը` արձանագրելով, որ մեղավորը նրանք են, ովքեր կեղծիքների են գնացել, փող են բաժանել, իշխանություն եւ վարչական ռեսուրս  կիրառել:

«Դա է պատճառը, որ, հրավեր ունենալով ,ես չմասնակցեցի այդ միջոցառումներին, թեեւ հայկական բանակի, Հայաստանի անկախության, Հայաստանում տեղի ունեցող ցանկացած նման իրադարձության առումով ես էլ, կարծում եմ, իմ փոքրիկ լուման ունեմ, դրան վերաբերում եմ հարազատի նման, այդ միջոցառումները նայում եմ սիրով, ուրախանում եմ լավով, եւ տխրում վատով»,- ամփոփեց Արամ Սարգսյանը: