Հայաստանի անկախության 20-ամյակի օրը` սեպտեմբերի 21-ին, «Շտապօգնություն» ՓԲԸ-ն արտառոց դեպքեր չի արձանագրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը` հավելելով, որ այսօրվա կանչերի թիվը կկարողանան ասել միայն առավոտյան: Նա նշեց, որ այսօր Երեւանում տեղակայված է «Շտապօգնության» 9 մեքենա եւ եւս 4-ը կլինեն Հանրապետության հրապարակում` երեկոյան համերգի ժամանակ:
NEWS.am-ը զանգահարեց նաեւ Ոստիկանություն, որի մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ այդ պահի դրությամբ ծանր հանցագործություններ` սպանություն եւ այլն, չի արձանագրվել, իսկ գիշերը սպանություն էր տեղի ունեցել Նոր Նորքի 4-րդ զանգվածում:
Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից NEWS.am-ը տեղեկանում է, որ սեպտեմբերի 21-ին մի շարք հրդեհներ են բռնկվել Հայաստանի տարբեր շրջաններում, հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, նաեւ` տանիք: Իսկ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ը կեղծ ահազանգ է ստացել Կոմիտասի անվան զբոսայգում` Պանթեոնի տարածքում, պայթուցիկ սարքի տեղադրման մասին, որը սակայն, բարեբախտաբար, կեղծ էր:


























