ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանությունները Թրոյ Դեւիսին մահապատժի են ենթարկել։

«Մահապատիժն իրականացվել է, բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը»,- հայտնել են ամերիկյան հեռուստաալիքները, հաղորդում է BBC-ն։

Թրոյ Դեւիսը մեղավոր է ճանաչվել 1989 թվականին Ջորջիա նահանգում ոստիկան սպանելու մեջ։ Այն ժամանակ ռեստորանի անվտանգության  27-ամյա աշխատակից, երկու անչափահաս երեխաների հայր ոստիկանը նկատել էր շինության մոտակայքում գտնվող ավտոկանգառում տեղի ունեցող ծեծկռտուքը, փորձել էր բաժանել կռվողներին եւ մահացել էր գլխին ու սրտին ստացած կրակոցներից։ Տասը ականատեսներ վկայել էին, որ կրակողը Դեւիսն է եղել։

Դեւիսն ավելի քան 20 տարի սպասում էր սեփական մահապատժին։ Նրան մահապատժի են ենթարկել մահացու ներարկման միջոցով։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Բարձրագույն դատարանը մերժել էր ներման մասին խնդրանքը։