Թերթը գրում է, որ պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է: «Մեր տեղեկությունների համաձայն` ՀԱԷԿ-ի ինժեներա-տեխնիկական անձնակազմի 158 աշխատակից սեպտեմբերի 20-ին ազատման դիմում են ներկայացրել:
Մեծամորի ատոմակայանը սեպտեմբերի 5-ից գտնվում է պլանային վերանորոգման մեջ, որը պետք է տեւի 46 օր: Ազատման դիմում ներկայացրածները հիմնականում ՀԱԷԿ-ի այն մասնագետներն են, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Դիմում գրած աշխատակիցները պահանջում են վերանայել աշխատավարձերը: Նրանք դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել եւ խնդրել բարձրացնել աշխատավարձերը: ՀԱԷԿ աշխատակիցները ՀՀ ղեկավարությանը տեղեկացրել են, որ գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել եւ զգուշացրել են, որ եթե մինչեւ սեպտեմբերի 20-ը խնդիրը լուծում չստանա, ապա ստիպված կլինեն ազատման դիմում գրել, ինչը եւ արել են»:




























