Հայաստանի ԱԳն նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անկախության 20-ամյակը տոնել է Գավառում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կազմակերպված միջոցառմանը Է. Նալբանդյանը Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական, սոցիալական, մշակութային եւ առողջապահության հիմնարկների մի շարք աշխատակիցների հանձնել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ շնորհված բարձր պետական պարգեւները եւ ՀՀ նախագահի ու վարչապետի շնորհակալագրերը: Իր ելույթում նա ասել է. «Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում այս` գուցեեւ տարիների քանակով փոքր թվացող հոբելյանի, բայց մեծ, շատ մեծ տոնի՝ անկախ Հայաստանի 20-ամյակի կապակցությամբ: Եւ դա մեր ամենամեծ ձեռքբերումն է։ Որովհետեւ անկախություն երազելն այլեւս մեր ժողովրդի համար պիտի համարվի նվաստ ու անընդունելի։ Որովհետեւ անկախություն երազել՝ նշանակում է չունենալ այն, չունենալ երկրիդ անունը աշխարհի քարտեզի վրա, նշանակում է՝ անտուն ապրել ազգերի ու պետությունների ընտանիքում՝ երազելով մի օր սեփական տուն ունենալ այս արեւի տակ։Անցած քսան տարիները մեզ տալիս են միջազգային բեմահարթակում վստահելի գործընկերոջ կարեւոր վարկանիշը, որը մեր անկախության եւս մեկ մեծագույն նվաճումն է։ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, անկախության նվիրյալ նահատակ Մովսես Գորգիսյանը այն հեռավոր 88-ին ասում էր «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Նա խոսում էր այս Հայաստանի մասին, Հայաստանի, որ նա չտեսավ, բայց որը տեսնում ենք մենք, այսօրվա ազատ ու անկախ Հայաստանը։Եվ ուրեմն՝ կեցցե Հայաստանը, մեր ազատ ու անկախ Հայրենիքը»:




























