Երեւանի Շտապօգնության ծառայությունը, երեկ՝ սեպտեմբերի 21-ին սպասարկել է, 485 կանչ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Շտապ Բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Գրանցվել են սիրտ-անոթային համակարգի, վնասվածքների, ռեսպիրատոր հիվանդությունների կանչեր։ Տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է»,- նշեց նա։

Դեպքի մանրամասներին տեղեկանալու եւ սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում գրանցված միջադեպերի մասին տեղեկանալու համար NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց նաեւ Հայաստանի ոստիկանություն։ Կառույցի մամուլի ծառայությունից հավաստիացրեցին, որ սեպտեմբերի 21-ի տոնական օրը քաղաքում լուրջ միջադեպեր չեն գրանցվել։

«Սովորական օր է եղել, առանձնապես լուրջ բան չի եղել։ Ծանր հանցագործություններ եւ սպանություններ չեն գրանցվել։ Ինչ վերաբերում է երեկ վթարի արդյունքում զոհված քաղաքացուն, ապա նա 51-ամյա Մելանիա Ս-ն է։ Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00։30-ին։ Արմեն Հ-ն , վարելով «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, «Եռաբլուր» փառքի պանթեոնի մոտ բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենային, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւոր կինը մահացել է։

Բացի այդ, սեպտեմբերի 21-ին Գյումրիում վրաերթից ռուս զինվոր է մահացել:

Հիշեցնենք, որ երեկ մայրաքաղաքում լայնամասշտաբ կերպով տոնվում էր միանգամից երկու միջոցառում՝ Հայաստանի անկախության 20-ամյակը եւ «Երեւան-Էրեբունի 2793»-ը։