Թուրքիայի ակտիվությունից կարելի է հասկանալ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում: Այդ պատճառով Հայաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը պետք աշխարհաքաղաքական գնահատական տան տեղի ունեցող իրադարձություններին, հակառակ դեպքում ուշ կլինի, կարծում է Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ, ռուս քաղաքագետ եւ փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

SalamNews-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ մոտակա ժամանակներս քաղաքական եւ ռազմական առումով Հարավային Կովկասը ճեղքեր կտա: Վրաստանը կգնա Արեւմուտք, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, մոռանալով ղարաբաղյան խնդրի մասին, ստիպված կլինեն հաշվի առնել արտաքին քաղաքական գործոնները:

«Այդ ընթացքում իրադրությունը Սիրիայում կդառնա ավելի արմատական: Եվ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը ժամանակ չեն ունենա երկար ժամանակ քննարկել ղարաբաղյան հիմնահարցը: Նրանց շուրջը զարգանում են խնդիրներ, որոնք ավելի վտանգավոր են, քան Ղարաբաղյան հիմնահարցը:  Դրա համար նրանք պետք է հավաքվեն եւ մտածեն նաեւ այդ հարցերի շուրջ»,-հայտարարել է նա: