Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին, Լոռիի մարզում ներկա է եղել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպված հանդիսավոր նիստին, որին մասնակցել են մշակութային եւ հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ: 

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ եւ աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար նշված ոլորտների մի խումբ անձինք Հայաստանի նախագահի եւ վարչապետի հրամանագրերով պարգեւատրվել են «Մխիթար Հերացի», «Անանիա Շիրակացի» եւ «Մովսես Խորենացի» հուշամեդալներով, ինչպես նաեւ շնորհակալագրերով, որոնք նրանց է հանձնել Տիգրան Սարգսյանը:   

Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այս 20 տարիների ընթացքում մենք ձեզ հետ միասին անցել ենք լրջագույն փորձությունների միջով՝  տեսել ենք հզոր երկրաշարժ: Տեսանք ղարաբաղյան պատերազմ, որտեղ նույնպես տվեցինք հազարավոր զոհեր՝ հանուն սուրբ նպատակի: Դրանից հետո ձեզ հետ միասին ականատես եղանք խորը ֆինանսական, սոցիալական ճգնաժամի եւ սկսեցինք վերականգնել մեր տնտեսությունը, այնուհետեւ տեսանք ռուս-վրացական իրադարձությունները եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որոնք նույնպես լուրջ վնաս հասցրեցին մեր տնտեսությանը: Այս 20 տարիները մեզ համար լի էին փորձություններով, բայց, միեւնույն ժամանակ, տեսնելով այս բոլոր դժվարությունները, այն թերությունները, որ դեռեւս առկա են մեր կյանքում, մենք պարտավոր ենք այսօր արձանագրել, որ այս փորձություններով լի 20 տարիների ընթացքում ձեզ հետ միասին ստեղծել ենք մեր անկախ երիտասարդ պետականության հիմքերը, հիմքեր, որոնք օր օրի ձեզ հետ միասին ամրապնդում ենք եւ կերտում մեր ժողովրդի պայծառ ապագան: Այս 20 տարիների ընթացքում մեր նվաճումներն ու ձեռքբերումներն ակնառու են եւ մենք նաեւ հպարտանալու տեղ ունենք, քանի որ տարածաշրջանում ունենք ամենահզոր եւ կայացած բանակը: Մենք պարտավոր ենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահել բանակաշինությունը:Այսօր մեր առջեւ ծառացած են լրջագույն տնտեսական, սոցիալական խնդիրներ, բայց ես համոզված եմ, որ մենք այդ խնդիրները մեր համագործակցության շնորհիվ ի վիճակի ենք լինելու լուծել: Համոզված եմ, որ այսօրվա երիտասարդ սերունդը տարիներ հետ կկարողանա ավելի օբյեկտիվ գնահատել այս դժվարին 20 տարիները: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մեր անկախության տոնի կապակցությամբ»: