Արարատի մարզում, սեպտեմբերի 21-ի երեկոյան, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 64-րդ կմ-ում իրար են բախվել «Հունդայի» մակնիշի 22 ԼԼ 668 համարանիշի եւ «Գազել-31029» մակնիշի 24 ՏԼ 746 համարանիշի ավտոմեքենաները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով, «Հունդայի» ավտոմեքենայի վարորդ, 35-ամյա Ա. Բարիկյանը, ուղեւորներ` 35-ամյա Ա. Սեդրակյանը եւ 34-ամյա Ա. Իգիթյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Բացի այդ, սեպտեմբերի 21-ի երեկոյան Արարատի մարզի Մասիս քաղաքում «ՎԱԶ 21013» մակնիշի 12 ՏԼ 269 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 15-ամյա Էմմա Պետրոսյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւան քաղաքի Սբ.Աստվածածին մանկական հիվանդանոց:Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: