Հայաստանի անկախությունը շատ բան է տվել, սակայն առաջին հերթին ապահովել է Ղարաբաղի եւ նրա ժողովրդի անվտանգությունը։ Սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Ճիշտ է ղարաբաղյան հարցը, գլոբալ առումով, լուծված չէ, սակայն այն, որ Ղարաբաղն այսօր պաշտպանված է, շատ կարեւոր է։ Բոլորս ենք հիշում, որ Կրեմլի կողմից պաշտոնական որոշում ընդունվեց՝ հայաթափել Ղարաբաղը եւ դրա շուրջ եղած տարածքները։ Եթե Հայաստանը չընտրեր անկախության ճանապարհը, չստեղծեր իր բանակը, եւ եթե ոտքի չկանգներ Արցախի ժողովուրդը, ակնհայտ է, որ Ղարաբաղն իրոք կհայաթափվեր։ Հայաստանի անկախությունն ապահովեց Արցախի գոյությունը։ Բացի այդ, անկախությունը հայ ժողովրդին տվեց միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի ամբիոններից հանգիստ կերպով հնչեցնել Ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղի խնդիրները։

Խորհրդային 70 տարիներին, երբ Կրեմլին հայ ժողովրդի անունից լիազորվել էր խոսել ինչ-ինչ ազգային խնդիրների մասին, խորհրդային ոչ մի ղեկավար ՄԱԿ-ի ամբիոնից հայ ժողովրդին հուզող հարցեր չի հնչեցրել։ Երրորդը, ինչ տվեց Անկախությունը, այն էր, որ Հայաստանում սկսվեց պետականաշինության գործընթացը, ուր ամրագրվեց, որ Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական, ազատ խոսքի, բազմակուսակցական երկիր»,- ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով Հայաստանի անկախության 20 տարիների կորուստներին՝ Գրիգորյանը նկատեց. «Անկախության առավելությունը ոչ բոլորն են զգում։ Դա հասկանալի է։ Այս ճանապարհին շատ ու շատ բարդություններ են եղել։ Բայց եկել է ժամանակը՝ պատասխանելու մի քանի փիլիսոփայական հարցերի։ Առաջին, ի՞նչ է իշխանությունը։ Հասարակության մեջ, օրինակ, գերիշխող է կարծիքը, որ իշխանությունը փող աշխատելու եւ բիզնեսն առաջ տանելու լավ միջոց է։

Մյուս խնդիրն իշխանությունների տարանջատման հարցն է։ Խորհրդարանը պետք է տարանջատված լինի կառավարութունից, չպետք է լինի նրա կցորդը եւ չսերտաճի բիզնեսի հետ։ Մեզ մոտ հակառակն է. պատգամավորների մեծ մասն իրենց բիզնեսներով են զբաղվում։ Երրորդ, պետք  է պարզել՝ արդյոք Հայաստանի բոլոր քաղաքացինե՞րն են հավասար օրենքի առջեւ։ Թյուր կարծիք կա, որ մարդիկ արտագաղթում են սոցիալական վատ վիճակից դրդված։ Իրականում պատճառն օրենքի առջեւ անհավասարությունն է։ Մարդկանց միայն մի փոքր մասն է հեռանում սոցիալական պայմաններից դրդված»,- ամփոփեց փորձագետը։

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում էր իր անկախության 20-ամյակը։