Լեռնային Ղարաբաղում ՏԻՄ ընտրությունների անցկացումը չի կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մեկնաբանության մեջ։

«Ռուսաստանը սերտ փոխգործակցության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող իր գործընկերների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ եւ ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Ղարաբաղյան հանգույցի հանգուցալուծման արագ եւ փոխզիջումային ելքի համար կշարունակենք համագործակցել հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի ԱԳՆ հաստատում է հավատարմությունը «տարածքային ամբողջականության, ուժի կիրառման անընդունելիության սկզբունքներին, ճիշտ այնպես, ինչպես այլ հիմնարար սկզբունքներին եւ միջազգային իրավունքի նորմերին»։

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանը չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»՝ որպես անկախ պետություն։ Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՏԻՄ ընտրությունների անցկացումը չի կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, ԼՂՀ-ում, 209 համայնքներում, այդ թվում Ստեփանակերտում, ՏԻՄ ընտրություններ են կայացել: Ընտրություններին հետեւել է Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը։ Պատվիրակները նշել են, որ ընտրություններն անցել են առանց էական խախտումների։

9581 ձայնով Ստեփանակերտի քաղաքապետ էր ընտրվել Սուրեն Գրիգորյանը։