Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեմ չէ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ուղղակի այսօր դա նպատակահարմար չէ: Այդ մասին հայտարարել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ NDI-ի նախաձեռնած քննարկմանը:
Ըստ պատգամավորի, «պետք է ձեւավորել մի միջավայր, որ քաղաքական ուժերը կարողանան իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին»: Նա համաձայնվեց այն տեսակետին, որ մեծամասնական ընտրակարգը խորհրդային ժամանակներից մնացած ընտրաձեւ է, սակայն հայտարարեց, թե «այսօր այդ ընտրակարգով ընտրված պատգամավորների մեծ մասը չունեն այդ մտայնությունը, եւ փորձում են իրենց ընտրողների հոգսերը հասցնել կառավարությանը»:
Ավելին, Սահակյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններին մնացել է 6-7 ամիս եւ նման քննարկումները որեւէ օգուտ չեն տա, քանի որ հնարավոր չէ ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով: Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմանը, թե մեծամասնական ընտրակարգով ընտրվում են անձինք, ում ընտրողները չեն ճանաչում, անձինք, ովքեր չեն մասնակցում նիստերին, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Բացակայողների շարքում լինում են նաեւ համամասնականով ընտրվածները: Շատ լավ հարց է, առջեւում ընտրություններն են, եւ ժողովուրդը իր ընտրությամբ կընտրի, թե ով է ավելի ակտիվ ներկայացրել իր շահերը»:
Ապագայում բացառապես համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարին կողմ է նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն նա եւս վաղաժամ է համարում այժմ այդ հարցին անդրադառնալը: «Չեմ կարծում, որ ընտրություններից 6-7 ամիս առաջ հնարավոր է փոխել: Հասարակության այսօր հուզում է, թե որքանով կլինեն արդար ընտրությունները` անկախ մեծամասնական, թե համամասնական ընտրակարգերից: Մենք ԲՀԿ-ում ֆիքսել ենք համամասնական ընտրակարգը իբրեւ հանգրվան, բայց այսօր 100 տոկոսանոց համամասնականն արդարացված չէ: Քանի դեռ կան 74 կուսակցություններ, կա կուսակցական կոռուպցիա, երբ չունենք երկպալատ խորհրդարան, որտեղ ներկայացված լինեն ռեգիոնները, 100 տոկոսանոցն արդարացված լինել չի կարող»,- նշեց նա: Ավելին, պատգամավորը երկու ընտրակարգում էլ ռիսկեր է տեսնում: Ըստ Զոհրաբյանի, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը համամասնականի դեպքում կարող է գումար տալ կուսակցությանը, պատգամավոր դառնալ համամասնականով, եւ կեղծիքներ անել նույն իր ընտրատարածքում: «Ինչի օրինակները մենք,անկեղծ լինենք, ունենք նաեւ այսօր»,- նշեց նա:



























