Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը  NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի հրեաներն ակտիվորեն նախապատրաստվում են համայնքի ստեղծման 20-ամյա հոբելյանին:

«Շատ բան է արվել այս ընթացքում, եւ մենք ունեցել ենք հպարտանալու առիթներ: Կան նաեւ ծրագրեր: Դրանցից մեկը Եղեգիսի հին հրեական գերեզմանոցի պեղումների մասին ֆիլմի նկարահանումն է: Ցանկություն կա նաեւ կինոնկար ստեղծել համայնքի մասին: Մենք հույս ունենք, որ համայնքի 20-ամյակը արժանավայել կնշվի: Մենք Հայաստանի հետ հաղթահարել ենք երկրաշարժի, պատերազմի, շրջափակման ծանր տարիները, նաեւ միասին ապրել ենք երկրի կայացման ու վերածննդի ժամանակահատվածը: Մենք նաեւ ունենք հայրենադարձության պատմություն: Գնում են, գալիս են, բայց համայնքի քանակական կազմը` մոտ 300 ընտանիքներ, պահպանում է: Ոչ մի զուտ հրեական ընտանիք չկա: Երիտասարդները շատ տաղանդավոր են, հիմնականում, ուսում են ստանում: Մենք կցանկանայինք սինագոգից բացի ունենալ նաեւ մեր կենտրոնը, որտեղ կհավաքվեինք ոչ միայն միջոցառումների, այլեւ` հանգստի եւ զրույցի համար: Սինագոգում լավ է, հաճելի է, սակայն տարածքը փոքր է»,- հայտնեց Ռիմմա Վարժապետյանը: 

Հրեական համայնքի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանում հակահրեականություն գոյություն չունի, սակայն զարմանքով նշեց, որ այդ երեւույթը նկատվում է Մոսկվայի հայերի կողմից, թեեւ հնարավոր է` դրանք մասնավոր դեպքեր են եւ չունեն զանգվածային, կամ հրապարակային բնույթ:

Հրեական համայնքի ղեկավարի կարծիքով, Իսրայելի եւ Հայաստանի հարաբերություններն այնքան էլ զարգացած չեն: Երեւանում չկա Իսրայելի դեսպանություն, կամ հյուպատոսություն: Զբոսաշրջությունը զարգանում է, սակայն Իսրայելի վիզա ստանալու հարցում դժվարություններ են լինում: Դանդաղ, բայց դրական միտումներ կան տնտեսության, բիզնեսի եւ բժշկության ոլորտներում: Խնդիր է ընտանիքների հետ Իսրայել մեկնած երեխաների չափահաս դառնալուց հետո զինապարտության հարցը:  

«Իսրայելի հայրենադարձության մասին օրենքով, Հայաստանից Իսրայել են մեկնում ընտանիքներ, նախազորակոչային տարիքի երեխաները գնում են սովորելու, այնուհետեւ, մտնելով զինապարտության տարիքի մեջ, նրանք չեն կարողանում հյուր գալ Հայաստան, քանի որ անմիջապես կզորակոչվեն այստեղ, որովհետեւ պահպանում են Հայաստանի քաղաքացիությունը: Նրանք չեն խուսափում ծառայությունից, բայց դեռ սովորում են, ոմանք ծառայություն են անցնում Իսրայելի բանակում: Մենք շատ կցանկանայինք, որ այս խնդիրը ՀՀ Պաշտպանության նախարարությունը որեւէ կերպ լուծեր: Շատ ցավալի է, երբ Հայաստանում ապրող ծնողները չեն կարողանում տեսնել իրենց զավակներին»,- նշեց Ռիմմա Վարժապետյանը:

Նա հայտարարեց, որ Իսրայելի հետ այս պահին ունեցած իր կապերը թույլ են տալիս ասել, որ գործընթացները տանում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 

«Հրեական աշխարհում իմ ծանոթները միանշանակ ընդունում են Ցեղասպանության փաստը, եւ անմարդկային կլիներ, եթե հենց հրեաներն այն չընդունեին: Ես հույս ունեմ, որ առաջիկայում այս ուղղությամբ մենք լուրջ քայլերի ականատես կլինենք: Իսրայելի խորհրդարանում այս հարցը լուրջ է դրվում: Եվ այդ խնդիրը պետք է լուծվի հօգուտ Հայաստանի: Սակայն Իսրայելի եւ Հայաստանի փոխհարաբերությունները շատ բարդ են` իսլամական աշխարհի նկատմամբ առկա խիստ տարբեր դիրքորոշումներով: Իսրայելն իսլամական աշխարհի հարվածի տակ է: Մենք հույս ունենք, որ դիվանագետները կհանգուցալուծեն այդ խնդիրը, բայց չեմ բացառում, որ ժողովրդական դիվանագիտությունը մեծ կշիռ ունի, այդ պատճառով մենք անում ենք հնարավորը»,- հայտարարեց Ռիմմա Վարժապետյանը: