Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում, ուշադրություն է հրավիրել գլոբալ մարտահրավերների, ծայրահեղականության, ռուսական քաղաքականության եւ Վրաստանում անցկացված բարեփոխումների վրա։

20 րոպե տեւած նրա ելույթի ամբողջական տեքստը տեղադրված է Վրաստանի ղեկավարի պաշտոնական կայքում:

Վրաստանի նախագահի խոսքով, «սեպտեմբերի 11-ի ողբերգությունից 10 եւ Խորհրդային միության անկումից 20 տարի անց աշխարհը դեռեւս մարտի դաշտ է մնում»:

«Այդ օրը, երբ Նյու Յորքի երկինքը մեկ ակնթարթում առավոտյան երկնագույնից փոխվեց սեւ գիշերի, նույնիսկ նրանք, ովքեր չէին կարող ուշադրություն չդարձնել Բալկաններում, Կովկասում, Աֆրիկայում եւ Աֆղանստանում տեղի ունեցող պատերազմներին, ստիպված եղան թողնել իրենց իլյուզիաներն այն մասին, որ հակամարտություններից ազատ համաշխարհային կարգուկանոն է հաստատվել»,- ասել է Վրաստանի նախագահը:

«Այն երկրներին, որոնք ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ընդլայնումն ընդունում են որպես ուղիղ սպառնալիք, ուզում եմ ասել, որ «Սառը պատերազմն» ավարտվել է 1991 թվականի դեկտեմբերին, եւ նրանք չպետք է վախենան ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալ ցանկացող ժողովրդավար հարեւաններից»,- ասել է նախագահը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:

Ինչպես գրում է «Ռիա Նովոստին», Սահակաշվիլին խոսել է անգլերենով, առանց դադարների՝ չնայելով որեւէ թղթի։ Նա պնդել է, որ Ռուսաստանը «երկխոսության փոխարեն կազմակերպում եւ վերահսկում է ահաբեկչություններն ու գրոհները»։ «Սառը պատերազմն ավարտվել է, սակայն էմբարգոն ու շանտաժն դեռեւս օգտագործվում են Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելոռուսի դեմ»,- ասել է Վրաստանի նախագահը։ Նախկինում եւս Սահակաշվիլին ՄԱԿ-ի հարթակից Ռուսաստանին տարբեր բնույթի մեղադրանքներ էր առաջադրել։