Վրաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղում տեղական ընտրությունները: Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Վրաստանի ԱԳՆ-ն միանշանակ հաստատում է իր հավատարմությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում, նրա ինքնիշխանությանը եւ չի ճանաչում ԼՂ-ում տեղական ինքնակառավարման ընտրությունները»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է միջազգային հանրության ջանքերը` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցում եւ կարծում , որ «խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ԼՂՀ-ում, 209 համայնքներում, այդ թվում Ստեփանակերտում, ՏԻՄ ընտրություններ են կայացել: Ընտրություններին հետեւել է Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը։ Պատվիրակները նշել են, որ ընտրություններն անցել են առանց էական խախտումների։

9581 ձայնով Ստեփանակերտի քաղաքապետ էր ընտրվել Սուրեն Գրիգորյանը։