Ռուսաստանի պետական դումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ընտրական ցուցակը միանձնյա կգլխավորի վարչապետ Վլադիմիր Պուտինը, թեեւ նախօրեին տեղեկություն է հաղորվել, որ ցուցակի առաջին եռյակում կլինի նաեւ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այն, որ Պուտինը, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ միայնակ է գլխավորելու իշխող կուսակցության ցուցակը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավար կազմում իր աղբյուրները:
Այսօր սկսվում է «Եդինայա Ռոսիա»-ի նախընտրական համագումարը: Համագումարի հիմնական օրը լինելու է սեպտեմբերի 24-ին: Համագումարում ելույթ կունենան Պուտինը եւ Մեդվեդեւը, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Կուսակցության աղբյուրը հայտնել է, որ Պուտինի անունը միակը կլինի «Եդինայա Ռոսիա»-ի ընտրական ցուցակում», այսինքն կկրկնվի նախորդ ընտրություններում կիրառված սխեման: Այսպիսով, չի հաստատվում տեղեկությունը, ըստ որի, ՌԴ նախագահ Մեդվեդեւը կարող է գլխավորել իշխող կուսակցության ցուցակը:


























