Հայտնի է դարձել այսօր` սեպտեմբերի 23-ի առավոտյան, Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից վնասազերծված, ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի անդամներից եւս մեկի ինքնությունը:

Ըստ NEWS.am-ի տեղեկությունների, դա Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի որդին է: Հայտնի է, որ ձերբակալվածներից մեկն էլ պաշտպանության նախարարության քննչական ծառայության բարձրաստիճան քննիչի որդի է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվածներից մեկը ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին է:Որոշ տվյալներով, մահացածների թիվը ոչ թե մեկն է, այլ երկուսը: Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներին բռնել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Արդեն հայտնի է, որ ոստիկանները հետապնդել են հանցագործներին, որոնց կարողացել են լոկալիզացնել մինչեւ գազանանոց ընկած հատվածում: Հանցագործներից մեկը փորձել է Mercedes մակնիշի 60 ՕՕ 086 մեքենայով փախչել, սակայն շրջվել է ժայռից եւ տեղում մահացել: Ի դեպ, ոստիկանները մեքենայից հրազեն են հայտնաբերել:

Նախնական տեղեկություններով, մահացածը 30-35 տարեկան տղամարդ է, անունը Սերոբ:

NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, ըստ տեղեկությունների, այս ավազակախմբի հետ է կապվում այս տարվա հունիսի սկզբին «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա ավազակային հարձակումը:  Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն մի քանի ժամ է, որ ոստիկանները փակել են Մյասնիկյան պողոտան եւ ստուգում են անցնող բոլոր մեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նշված տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն է ընթանում։