Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունն այսօր` սեպտեմբերի 23-ին, անցկացնում է բացօթյա ֆոտոցուցահանդես` նվիրված միջավայրի մատչելիությանը սահմանափակ հնարավորություններով անձանց համար: Ցուցահանադեսի 70 լուսանկարները, որոնց  հեղինակները Գարեգին Ղազարյանը եւ Ռասմիլա Ալավերդյանն են, ներկայացնում են տվյալ ոլորտում Հայաստանի անկախ պետականության 20 տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումներն եւ առկա խնդիրները:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր Հայաստանում կան հին եւ նոր շենքեր, որոնք հարմարեցված են սահմանափակ հնարավորություններով անձանց համար, իսկ Ամերիկյան համալսարանի շենքը կոտրում է կարծրատիպը, որ սովետական տարիներին կառուցված շենքերը հնարավոր չէ վերակառուցել սահմանափակ հնարավորություններով անձանց հարմար:

«Խոսակցությունները, թե նպատակահարմար չի, հնարավոր չի, դիզայնը կփչանա, սուտ է, իրականում պետք է ունենալ կամք եւ հարգել Հայաստանի օրենքները եւ միջազգային պարտավորությունները»,- ասաց Արմեն Ալավերդյանը` հավելելով, որ սահմանափակ հնարվորություններով անձանց համար տրանսպորտ չկա, թեեւ քաղաքապետարանը խոստացել է, որ մինչեւ տարեվերջ կլինեն 20 հարմարեցված ավտոբուսներ:

Նրա խոսքով` հաշմանդամների ազատ տեղաշարժվելու իրավունքը ոտնահարվում է գրեթե ամենուր, պետական մարմինները մասամբ, իսկ խանութների չնչին մասն է նրանց համար մատչելի: Նրա խոսքով` զարմանալի է, որ բանկերի մեծ մասը եւս մատչելի չէ իրենց համար: Արմեն Ալավերդյանը նշեց, որ իրենք փորձում են այսպիսի ակցիաների միջոցով հասնել արդյունքի եւ խթանել գործընթացը:

Հաշմանդամ Մարինե Թորոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց իրավունքների խախտումը սկսվում է հենց հասարակական տրանսպորտից, որովհետեւ երբ ցանկանում են որեւէ տեղ գնալ, երկու մարդու օգնության կարիք են ունենում, խախտվում են նաեւ նրանց աշխատանքի, պետպատվերով բուժում ստանալու իրավունքները:

Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվում է «Անարգել տեղաշարժ` իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որը Քաունթերփարթ Ինթերնեշելի հայաստանյան ներկայացուցչության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID)  աջակցությամբ իրականացնում են «Ունիսոնը» եւ «Աստղիկ» հ/կ-ները: Ֆոտոցուցահանդեսի նպատակն է` ներկայացնել սալյակավոր հաշմանդամների անարգել տեղաշարժման իրավունքի իրագործման պատկերը փողոցների, շենքերի եւ հասարակական տրանսպորտի ֆիզիկական մատչելիության տեսանկյունից: Անարգել միջավայրի ապահովման անհրաժեշտությունը ամրագրված է Հայաստանի օրենքներում եւ բխում է ՄԱԿ-ի սահմանափակ հնարավորություններով անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պահանջներից: