Երկար տարիների ընթացքում ադրբեջանական քարոզչությունը շրջանառության մեջ էր դրել Բաքվի ռազմական գերակայության մասին միֆը, մինչդեռ Երեւանում անցկացված զորահանդեսը ցույց տվեց, որ դա միայն տեսիլք էր, փուչիկ, որը պայթեց: Այդ մասին սեպտեմբերի 23-ին ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Նրա խոսքով, Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը ցույց տվեց ադրբեջանական քարոզչական միֆի չկայացվածությունը: Իսկ մի քանի անձանց հայտարարությունները, ովքեր հայտարարել էին, որ զորահանդեսում ներկայացվել են «հնացած» տեխնիկա, Ջամալյանը անվանեց սիրողական:

«Երեւանի զորահանդեսից հետո Ադրբեջանում իրարանցում է սկսվել, որի մասին վկայում են որոշ ադրբեջանական «փորձագետների» անհիմն փորձերը` ուղղված թերություններ եւ բացթողումներ գտնելուն: Զենքեր ձեռք բերելիս Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր նպատակներ են հետապնդում: Ադրբեջանը իր առջեւ դնում է շրջափակման խնդիր, իսկ Հայաստանը` ակտիվ պաշտպանության, եւ տվյալ դեպքում ադրբեջանական կողմին հազիվ հաջողվի հասնել իր նպատակին»,-նշել է Ջամալյանը: