Սերժ Սարգսյանն արժանացել է ԱՄՆ Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի (ԿԱԷԿ, National Ethnic Coalition of Organizations, NECO) «Էլիս այլընդ» պատվո մեդալին: Այդ մեդալին արժանացել է ԱՄՆ 6 նախագահ, բազմաթիվ այլ պաշտոնյաներ եւ կոնգրեսականներ, տարբեր գործիչներ: Բայց Սերժ Սարգսյանն օտար երկրի առաջին նախագահն է, որ ստանում է այդ պարգեւը:

Այս պարգեւին արժանացած քաղաքական գործիչների, արվեստագետների, մարզիկների թվում են Մուհամեդ Ալին, Թոնի Բլեերը, Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը, Հիլլարի Քլինթոնը, Ջերալդ Ֆորդը, Մարտին Սկորսեզեն, Ֆրենկ Սինատրան, հայազգի Նուբար Աֆեյանը, եւ այլոք: Նուբար Աֆեյանը Flagship Ventures ընկերության ղեկավար գործընկերն է: Ընկերությունը ներդրումներ է կատարում գործունեության սկզբնական փուլում գտնվող նախաձեռնություններում:

Ներկայում Աֆեյանը հանդիսանում է մի շարք պետական եւ մասնավոր ընկերությունների խորհրդի անդամ: Նա Flagship-ի ներդրումային պորտֆելի կազմի մեջ մտնող Affinnova, BG Medicine, Bind Biosciences, Ensemble Discovery, Helicos BioSciences, Joule Biotechnologies, LS9 եւ Eleven Biotherapeutics ընկերությունների տնօրենն է: Եղել է մի շարք հաջողակ վենչուրային ընկերությունների, այդ թվում` Chemgenics Pharmaceuticals-ի, Color Kinetics-ի, Antigenics-ի, EXACT Sciences-ի եւ Adnexus Therapeutics-ի հիմնադիրների խմբի կազմում, դրանց տնօրեն եւ ներդրող: 2010 թ. հուլիսից հանդիսանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ: Ն. Աֆեյանը Հարվարդի համալսարանի Ուիսի ինստիտուտի պայմանագրային գիտաշխատող է, ինչպես նաեւ մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեխնոլոգիական նորամուծությունների Deshpande կենտրոնի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Ուայթհեդ ինստիտուտի եւ Մոսկվայի «Սկոլկովո» մենեջմենթի դպրոցի խորհրդակցական կոմիտեների անդամ: Նա նաեւ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ն. Աֆեյանը «Հայաստան-2020» ծրագրի, ինչպես նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի անդամ է: