Համաշխարհային բորսաներում երեկ եւ այսօր շարունակվող խուճապը մասնագետներից շատերը համեմատում են 2008-2009 թվականների ճգնաժամային իրավիճակի հետ: Եվրոպական մամուլն արդեն բորսայական զարգացումները որակել է որպես «սեւ հինգշաբթի»: Ֆոնդային ինդեքսները Եվրոպայում ընկել են մոտ 5 տոկոսով, իսկ Ռուսաստանում` մինչեւ 8 տոկոսով: Արդյունքում արձանագրվել են փոխարժեքների էական տատանումներ: Դոլարն, ի տարբերություն եվրոյի եւ ռուսական ռուբլու, ուժեղանում է: Այսպես` եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ գտնվում է 1.34-ի սահմաններում, իսկ դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ` 32 ռուբլու սահմաններում:
Շուկաների փլուզման հիմնական պատճառը ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի հակաճգնաժամային նոր ծրագիրն է, ինչպես նաեւ այդ գերատեսչության ղեկավար Բեն Բեռնանկեյի այն հայտարարությունը, որ համաշխարհային տնտեսությունում ռիսկերը պահպանվում են: ԱՄՆ դրամավարկային քաղաքականության նոր ուղղությունը հետեւյալն է` կենտրոնական բանկը շուկայում կվաճառի իր կարճաժամկետ պարտատոմսերը եւ դրանց փոխարեն կգնի երկարաժամկետները: Սակայն ներդրողների շրջանում այս մոտեցումը վստահություն չի ներշնչել:Իրավիճակն ավելի է սրվել, երբ Moody`s-ը իջեցրել է ամերիկյան 3 խոշոր բանկերի վարկանիշները: Բացի այդ` հրապարակվել են տվյալներ այն մասին, որ Գերմանիայի եւ Չինաստանի տնտեսական աճերը դանդաղել են: Բորսաների փլուզման հետեւանքներից մեկն էլ նավթի միջազգային գնի անկումն է: WTI (Light Sweet) նավթը Նյու Յորքի բորսայում էժանացել է մինչեւ 81 դոլար 1 բարելի դիմաց, իսկ Brent տեսակի նավթը Լոնդոնի բորսայում մինչեւ 1 բարել/105 դոլար:


























