Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին 1news.az-ի տված հարցազրույցում հայտարարել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Հարցին, թե Հայաստանում կարծում են, թե թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը թույլ կտա բարելավել հարաբերությունները Թել-Ավիվի հետ եւ նրան իրենց կողմը քաշել, Սոտնիչենկոն ասել է. «Նախեւառաջ, ես չեմ կարծում, որ այն, ինչը տեղի է ունենում այսօր կավարտվի Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիակատար խզմամբ:

Այդ հարաբերությունները շատ վաղուց են հաստատվել, եւ այժմ ընթանում է դրանց վերակազմավորումը: Անկարան ակտիվորեն գործում է Մերձավոր Արեւելքում եւ ցանկանում է ամրապնդել իր տարածաշրջանային նշանակությունը, այդ թվում արաբական երկրներում: Դրա համար էլ Անկարան նման քայլերի է գնում»:

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում լուրջ վերակազմավորում տեղի չի ունենալու. «Ադրբեջանը եւ Թուրքիան տարբեր պետություններ են: Բացի այդ, ես չեմ կարծում, որ Թուրքիան ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա: Ի վերջո, Անկարայի եւ Թել Ավիվի հարաբերությունները հունի մեջ կընկնեն: Ընդ որում, դրանք փոքր ինչ այլ կլինեն»:

Քաղաքագետը նաեւ նշել է, որ շատ միջազգային ուժեր այժմ ակտիվորեն միջնորդելու են Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններին: Մասնավորապես, Բարաք Օբաման արդեն հայտարարել է, որ պատրաստ է հաշտեցնել երկու կողմերին էլ: Սակայն, կրկնում եմ` Անկարան այդ ձեւով մտադիր է բարձրացնել իր կարգավիճակը, իր ազդեցությունը արաբական երկրների վրա: Այնպես որ Անկարայի եւ Թել-Ավիվի միջեւ լուրջ հակասություններ ես չեմ տեսնում»: