Այսօր` սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ոստիկանական գործողության արդյունքում բերման է ենթարկվել թվով 13 անձ: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել ոստիկանության իր աղբյուրներից: Հայտնի է նաեւ մահացածի ինքնությունը, նա 49-ամյա, նախկինում դատված Գուրգեն Հայրապետյանն է:

Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներին բռնել են: Ձերբակալվածների մեջ շրջանառվում են ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, ՊՆ քննչական վարչության մի քննիչի որդու անունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Վաղ առավոտյան ոստիկանները հետապնդել են հանցագործության մեջ կասկածվող խմբին, որի սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60OO086  պետհամարանիշով մեքենան փախուստի ժամանակ բախվել է փողոցի սյանը, ինչից հետո կասկածվող անձինք դուրս են նետվել մեքենայից եւ փորձել փախչել ոտքով: Ըստ քննչական խմբի անդամների` նրանցից երկուսին հաջողվել է բերման ենթարկել, իսկ երրորդը փախուստի ժամանակ Մյասնիկյանի պողոտայի հարեւանությամբ գտնվող ժայռից վայր է ընկել եւ մահացել։  NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ: