Այսօր` վաղ առավոտյան ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում վնասազերծվել է կայուն հանցավոր մի խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված տարբեր ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Վերջինիս խոսքով, ոստիկանությունը ունեցել է օպերատիվ տվյալներ, որ հանցավոր խումբը ծրագրում է նոր հանցագործություն, ինչը ձախողվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերել են զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել եւ հանցավոր խումբը վնասազերծվել է: Հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քր.օր-ի 316 հոդվածի 2-րդ մասի (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով, բերման է ենթարկվել 13 անձ:

Ըստ Տռուզյանի, լուրերը, թե տարբեր պաշտոնատար անձանց որդիներ են բերման ենթարկվածների թվում, իրականությանը չեն համապատասխանում: ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին բերման ենթարկվել է ավելի ուշ Երեւանի պետական համալսարանի մոտակայքից` մի քանի մեքենաների պատկանելությունը ճշտելու համար իրականացվող միջոցառումների արդյունքում: Մի քանի անձինք են բերման ենթարկվել այդ կապակցությամբ: Իրենց տեսել են մի մեքենայի մոտ, որը կասկածվում է, թե օգտագործվել է այդ անձանց կողմից: Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ՀՔԾ պետի տեղակալի որդին առայժմ գտնվում է ոստիկանությունում:

«Իրականացվում է նախաքննություն, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Կոչ եմ անում զերծ մնալ տարբեր անձանց վերաբերող, երբեմն նաեւ անմեղության կանխավարկածը խախտող հրապարակումներից»,- նշեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներին բռնել են: Ձերբակալվածների մեջ շրջանառվում են ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, ՊՆ քննչական վարչության մի քննիչի որդու անունները: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Վաղ առավոտյան ոստիկանները հետապնդել են հանցագործության մեջ կասկածվող խմբին, որի սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60OO086  պետհամարանիշով մեքենան փախուստի ժամանակ բախվել է փողոցի սյանը, ինչից հետո կասկածվող անձինք դուրս են նետվել մեքենայից եւ փորձել փախչել ոտքով: Ըստ քննչական խմբի անդամների` նրանցից երկուսին հաջողվել է բերման ենթարկել, իսկ երրորդը փախուստի ժամանակ Մյասնիկյանի պողոտայի հարեւանությամբ գտնվող ժայռից վայր է ընկել եւ մահացել։  Պարզվել էր նրա ինքնությունը, նա 49-ամյա Գուրգեն Հայրապետյանն է: 

NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ: