Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 23-ին,  մեկնել է Էլլիս կղզի, որտեղ այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել՝ 1915թ. Հայոց ցեղասպանությանը եւ Էլլիս կղզով ԱՄՆ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանին կղզում հյուրընկալել եւ ուղեկցել են ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին, ԿԱԷԿ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:  

ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին Սարգսյանին շնորհել է «Էլլիս կղզի» պատվո մեդալը` ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաեւ Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար: Ընդգծվել է, որ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է այդ պատվին: Մինչ այժմ ԿԱԷԿ-ի «Էլլիս կղզի» պատվո մեդալով պարգեւատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր:

Նասեր Կազեմինին Սերժ Սարգսյանի մասին ասել է. «Նա մարդ է, ով հանուն իր երկրի պայքարել է, ում՝ ազատ եւ ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկյան կառավարության ու աշխարհի կառավարությունների աջակցությունը: Ամենակարեւորը՝ նա խաղաղության ու հանդուրժողականության երկխոսություն ծավալեց հարեւանների հետ՝ իր ժողովրդին առավելագույնս մոտեցնելով խաղաղության: Պարո՛ն նախագահ, այն ամենի շնորհիվ, ինչ Դուք արել եք Ձեր երկրի եւ հայ-ամերիկյան հարաբերությունների համար, պատմությունը Ձեզ մեծ հարգանքով կհիշի»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարգեւի համար եւ նշել. «Այսօր ես հուզմունքով եւ հպարտությամբ ընդունեցի այս պատվո նշանը, այդ թվում նաեւ Էլլիս կղզով անցած հայորդիների եւ նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպես մեր ժողովրդի՝ այս հեռավոր ափերում ձեռք բերած հաջողությունների գնահատական, որպես հայ-ամերիկյան բարեկամության եւ գործընկերության հետագա զարգացման ու խորացման խորհրդանիշ: Մեծ պատիվ եմ համարում սա եւ գիտակցում եմ, որ այս պարգեւին արժանացող առաջին ոչ ամերիկացի նախագահն եմ»:Պարգեւատրման արարողությունից հետո ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինիի կողմից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի: