Կիպրոսը Թուրքիայի հետ պատերազմի չի պատրաստվում, հայտարարել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը՝ հերքելով թուրքական լրատվամիջոցների հայտարարություններն այն մասին, որ իր երկիրը պաշարների հակամարտության պատճառով ռազմական գործողությունների է պատրաստվում։ «Դա ուղղակի ծիծաղելի է»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։
«Ազգային գվարդիան գտնվում է պաշտպանական վիճակում։ Մենք չենք կարող պատերազմել Թուրքիայի հետ, բոլորը գիտեն, թե ինչ հզոր երկիր է Թուրքիան Կիպրոսի համեմատությամբ։ Մենք ուզում ենք Թուրքիայի հետ ունեցած խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել»,- ասել է նա։
Հարցին, թե ինչո՞ւ է Կիպրոսի Հանրապետությունն իր տնտեսական գոտում որոնողական հորատումներ սկսել, այն դեպքում, երբ կարող էր սպասել կիպրական հարցի կարգավորման ավարտին եւ միայն դրանից հետո կիպրոսցի թուրքերի հետ սկսեր նավթի եւ գազի պաշարների մշակումը, Խրիստոֆիասն ասել է, որ շելֆում բնական գազի պաշարների մասին հայտնի է դարձել դեռ անցած դարի 80-ական թվականներին։
«Մենք որոնողական աշխատանքները տարեցտարի հետաձգում ենք՝ հույս ունենալով, որ կիպրական հարցը կլուծվի։ Ցավոք, դա տեղի չի ունենում։ Չեմ կարծում, որ կիպրական հարցի կարգավորումը պետք է պաշարների մշակման նախապայման լինի»։



























