ՀՀԿ-ի` Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցությունը կհեշտացնի ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը եւ ինտեգրումը, ինչն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ կառավարության քաղաքականությանը: Այս մասին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նախօրեին մեկնարկած Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի ընդլայնված նիստին ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
NEWS.am-ին Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանձնաժողովի բացման նիստին ելույթներ են ունեցել նաեւ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը, Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը, Բելգիայի վարչապետ Իվ Լեթեմը, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ղեկավար Ջոզեֆ Դոլը, եւ այլն:
Նշենք, որ ՀՀԿ-ն դիմել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար .«Եվրոպական միությունը կարեւոր դեր է խաղում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման գործում: Այն ուրույն հնարավորություն ունի մեր տարածաշրջանում դրական փոփոխությունների վրա ազդելու առումով: Դա ունի երկու պատճառ. առաջինը, Եվրոպական Միությունն ունի մեր երկրներում բարեփոխումներն առաջ մղելու հարուստ փորձ եւ ռեսուրսներ: Արեւելյան գործընկերությունը, որը մեր տարածաշրջանում Եվրոպայի դիմապատկերն է, կոչված է հեշտացնելու լայնամասշտաբ բարեփոխումները մեր կյանքի բոլոր բնագավառներում: Երկրորդ` երկխոսության, համագործակցության եւ փոխզիջման միջոցով, դժվարությունների հաղթահարման հիման վրա կառուցված Եվրոպական Միությունը, ուրույն դիրքում է՝ խթանելու նույն կառուցողական մոդելը մեր տարածաշրջանում: Սա, թերեւս, ամենաէական ազդեցությունն է, քանզի վստահությունը, հանդուրժողականությունը եւ հաղորդակցությունը հաջող տարածաշրջանային համագործակցության բանալին են»,- նշել է վարչապետը:




























