Ախալցխայի Փոքր Պամաճ գյուղում Տեղի քահանա Տեր Մովսեսի նախաձեռնությամբ եւ անհայտ բարերարի աջակցությամբ, վերանորոգվում է գյուղի Սբ. Խաչ եկեղեցին, հաղորդում է akhaltskha.Net-ը:

Ներկայումս ավարտվել են ներսի եւ դրսի հարդարման աշխատանքները եւ սկսվել Սբ. Խորանի վերանորոգումը, որից հետո եկեղեցին կրկին կօծվի եւ կսկսի գործել Փոքր Պամաճ գյուղի բնակիչների համար:

Փոքր Պամաճ գյուղի Սբ. Խաչ եկեղեցու հիմնադրման թվականը ճշգրիտ չէ, սակայն եկեղեցու Սբ. Սեղանի արձանագրությունից պարզվում է, որ եկեղեցին կառուցվել է մինչեւ 1856թ.:

Եկեղեցին իր պատմության ընթացքում մի քանի անգամ վերանորոգվել է, իսկ սովետական եկեղեցահալած շրջանում փակվել եւ հայտնվել չափազանց ամխիթար վիճակում մինչեւ 1993թ.:

Նույն տարի եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել էր գյուղացիների եւ Հովհաննես Մանուկյանի աջակցությամբ: