«Մեծ յոթնյակի»` արդյունաբերական առաջատար երկրների, տնտեսական անկումը 2009թ. կկազմի 3.7 տոկոս։ Աճ կնկատվի միայն 2010թ., երբ զարգացած երկրների տնտեսությունը կավելանա 0.7 տոկոսով։ Այսպիսին են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիայի կանխատեսումները։ Նրա կարծիքով, համաշխարհային տնտեսության վերականգնման գլխավոր վտանգները նավթի գներն են եւ ԱՄՆ անշարժ գույքի շուկայում իրավիճակը։ Հումքի գներն ազդում են մթերքի արժեքի վրա, նշում է նա, եւ դրանց բարձրացումը կարող է արգելք դառնալ ճգնաժամից դուրս գալու համար։
Իրավիճակն ԱՄՆ անշարժ գույքի շուկայում այնքան էլ վատթար չէ։ Վերջին ամիսներին վիճակը լավանում է. գների տատանումները կանգնել են, դրանք աճում են արդեն հինգ ամիս։ Բայց Ելի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսորը եւ S&P/Case-Shiller Home Price Indices-ի անշարժ գույքի ինդեքսի ստեղծողներից մեկը՝ Ռոբերտ Շիլլերը, անշարժ գույքի գների աճն անկայուն է համարում. «Մի քանի շրջաններում դա փչած փուչիկ է հիշեցնում»։
Ինչպես գրում է «Ведомости» թերթը, ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբնին իր հերթին կարծում է, որ մեկ բարել նավթի դիմաց 100 դոլար գինն ավելի մեծ կորուստների կբերի, քան անցած տարվա 145 դոլար գինը։ Նրա կարծիքով, կապիտալի պահպանման եւ ավելացման փնտրտուքներում ներդրումներ կատարվում են հումքի մեջ։
100 դոլարից ավել մեկ բարելի դիմաց գները գլոբալ տնտեսության համար «ճակատային քամի» կդառնան, գրում է Ֆրանցիսկո Բլանչը՝ Merrill Lynch — Bank of America-ից։ Բանկի վերլուծաբանների կարծիքով, 80 դոլարը սահմանն է, որին առանց կորստի կարող են դիմանալ զարգացած տնտեսությունները, իսկ 90-100 դոլարը վնասաբեր կլինի անգամ Չինաստանի համար։ Ավելի դաժան գնահատական է տալիս միջազգային էներգետիկ գործակալությունը, որն օգոստոսին սահմանային էր համարել 70 դոլարը։




























