Թեեւ ՀՀ կառավարության որոշմամբ աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետ սահմանվել է 2011 թվականի նոյեմբերի 1-ը, սակայն Գյումրիում կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք դեռեւս պահանջվող փաստաթղթերը չեն հանձնել բնակբաշխման հանձնաժողովին:

«Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ տնակային ավաններ կատարած հերթական շրջայցի ժամանակ Կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են ծայրահեղ ծանր վիճակում, կիսափուլ տնակներում բնակվող ընտանիքների, ովքեր փաստաթղթեր չեն հանձնել անիրազեկության պատճառով:

«Գյումրիի ավտոկայանի տնակային ավանի 104/008 տնակի բնակիչ, երկու անչափահաս երեխաներ խնամող միայնակ մայր Թագուհի Հովհաննիսյանը բնակարան պետք է ստանար դեռեւս նախորդ տարի, սակայն չի կարողացել ամբողջացնել պահանջվող փաստաթղթերը, քանի որ նույն հասցեում գրանցված, նրա  եղբայրը վաղուց բացակայում է Հայաստանից եւ ոչ միայն չկա վերջինիս անձնագիրը, այլ նաեւ նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ:

Այստեղ խնդիրն այն է, որ եթե նախորդ տարի այդ հանգամանքը խոչընդոտ էր հանդիսանում, ապա ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելուց հետո, ընթացիկ տարում ընտանիքի բացակա անդամների վերաբերյալ անհրաժեշտ հայտարարությամբ նման ընտանիքները կարող են բնակարաններ ստանալ:

Ցավալին այն է, որ այս եւ հավանաբար նման բազմաթիվ շատ ընտանիքները չեն իրազեկվել տեղական եւ մարզային իշխանությունների կողմից: 

Ու եթե մենք պատահաբար չթակեինք  այս ընտանիքի դուռը, հավանաբար նրանք այդպես էլ չէին մասնակցի բնակբաշխման գործընթացին եւ կշարունակեին մի կերպ պատսպարված մնալ իրենց կիսախարխուլ տնակում»,- ասված է «Շիրակ Կենտրոնի» հաղորդագրության մեջ: