Պարսկական-մոլլայական ռեժիմն Ադրբեջանում նոր քարոզչություն է սկսում` հակասություններ բորբոքելով հրեաների եւ մահմեդականների միջեւ, այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իրանական «Արաննյուզ» կայքը:
Իրանական կայքը հայտնել է, որ Ադրբեջանում հիջաբների արգելքի հետ մեկտեղ թույլատրվում է հրեական խորհրդանիշ հանդիսացող «կիպա» տիպի գլխարկների օգտագործումը, նշում է «Պոլիգոնը»:
Տեղեկության մեջ ասված է. «Նոր կրթական տարին սկսվելուն պես Ադրբեջանում արգելվում է հիջաբներով դպրոց հաճախելը: Սակայն Կրթության նախարարությունը չի արգելում հրեական խորհրդանիշ հանդիսացող «կիպա» գլխարկների կիրառումը: Ադրբեջանի հանրապետությունն անխոս բավարարում է երկրում ազգային փոքրամասնություն համարվող հրեաների բոլոր պահանջները: Մինչդեռ արգելում է բնակչության 96 տոկոս կազմող մահմեդականներին հիջաբ կրել եւ խախտում նրանց կրոնական իրավունքները: Շատ ցավալի է, որ հրեական գործոնի ազդեցության ներքո Ադրբեջանի իշխանությունները սկսել են ճնշում գործադրել մահմեդականների վրա»:
Իր հերթին «Պոլիգոնը» նշում է, որ Իրանը քարոզչություն է տանում երկրում հրեաների եւ մուսուլմանների միջեւ հակամարտությունը բորբոքելու նպատակով:




























