ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Պաղեստինի պետության ճանաչման եւ ՄԱ-ի լիիրավ անդամակցության հայտը կքննարկի սեպտեմբերի 26-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ Նավաֆ Սալյամը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նշենք, որ Պաղեստինի ինքնավարության ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին է փոխանցել պաշտոնական հայտը, որով առաջարկում է ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը եւ ՄԱԿ-ի լիիրավ անդամություն տրամադրել: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

«Ես կոչ եմ անում գլխավոր քարտուղարին մեր հայտը ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ կոչ եմ անում ՄԱԿ-ի ԱԽ հարգարժան անդամներին կողմ քվեարկել ՄԱԿ-ին մեր լիիրավ անդամակցությանը: Ես նաեւ կոչ եմ անում պետություններին, որոնք դեռ չեն ճանաչել, անեն դա»,- հայտարարել է Աբասը ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում: