Թերթը զրուցել է Հարցազրույց ՕԵԿ փոխնախագահ, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հետ:

Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն, ի վերջո, ինչո՞ւ չկայացավ, հնարավոր համարո՞ւմ եք վերսկսումը, մանավանդ` ՀԱԿ-ը վերջնաժամկետով է խոսում ...

Համաձայն չեմ, որ երկխոսությունը չի կայացել: Երկխոսությունը կայացավ, մի շարք հանդիպումների ընթացքում հնարավոր եղավ եւ մոտեցումները ճշտել, եւ օրակարգ հաստատել եւ քննարկումներ իրականացնել: Այստեղ կա երկրորդ խնդիր` ինչո՞ւ դադարեցվեց կամ ինչո՞ւ հայտարարություն կատարեց ՀԱԿ-ի աշխատանքային խումբը, այստեղ է խնդիրը: Իմ կարծիքով` դա իրավիճակային կամ նույնիսկ պահի տեսանկյունից ընդունված որոշում էր, ելնում էր իրենց զուտ իրավիճակային շահերից եւ մոտեցումներից: Սա իմ տպավորությունն է որպես աշխատանքային խմբի անդամի: Մեզ համար երկխոսությունը քաղաքական ինստիտուտի ներդրում էր` նայել ենք ավելի լայն: Միաժամանակ` սա այն հնարավորությունն էր, որ բաց, պարզ քննարկենք երկրի առջեւ կանգնած խնդիրները: Եվ կոալիցիան ապացուցեց, որ պատրաստ է դրան եւ վստահ սեփական դիրքերին:

Բայց ՀԱԿ-ը պահանջում է Տիգրան Առաքելյանին բաց թողնել...

Քաղաքական եւ իրավական պրոցեսները պետք չէ իրար հետ խառնել, սա եւս բազմիցս ասել ենք, եւ այս տեսանկյունից` յոթ երիտասարդից վեցն ազատության մեջ են, միաժամանակ իրավական գործընթաց է ընթանում: Այս տեսանկյունից անհրաժեշտ է տարանջատել իրավական եւ քաղաքական գործընթացները: Քաղաքական տեսանկյունից տեսականորեն հնարավոր է, որ շարունակվի երկխոսությունը: Համենայն դեպս` կոալիցիայի մոտեցումները հստակ են, իսկ մենք ինչպես տարել ենք, այնպես էլ տանելու ենք առաջ մեր մոտեցումները: Երկխոսությունը դադարեցրեց ՀԱԿ-ը:

ՀԱԿ-ը, Ձեր կարծիքով, ռեսուրս ունի՞ սրելու իրավիճակը:

Իմ խորին համոզմամբՙ ռեսուրսի մասին խոսելիս կարելի է պատասխանել նաեւ հանրահավաքներին հավաքված մարդկանց դինամիկային նայելով: Խնդրեմ, նայեք` պատասխանը միանշանակորեն կա: ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն, օրինակի համար, ասում են այն, ինչ «Օրինաց երկիր» կուսակցությունն ասում էր երեքուկես տարի առաջ` երկրի առաջ կանգնած մարտահրավերների առումով: Քննարկման եւ երկխոսելու պատրաստակամությունը ելնում է մի շատ ավելի ֆունդամենտալ բանից, քան թե այս կամ այն կուսակցության շահերի պատկերացումներն են, կամ իրենց իշխանության գալու ցանկությունն է: Կան արտաքին մարտահրավերներ, գաղտնիք չէ` երկրի ներսում էլ կան խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է, որ քաղաքական ուժերը կարողանան երկխոսել, խոսել-քննարկել հարցերը: Այս տեսանկյունից երկու կամ երեք տարի առաջ երբ ասում էինք այդ մասին, ՀԱԿ-ը մեզ պիտակավորում էր: Այսօր իրենք խոսում են նույն պրոբլեմների մասին: ՕԵԿ-ը շատ ավելի շիտակ ու պարզ է խոսում ժողովրդի հետ, որպես կուսակցական եմ ասում, եւ սրանից են ելնում մեր որոշումները: Դրսի եւ ներսի պրոբլեմները նկատի առնելով` պետք է հանել թշնամության եւ ատելության մթնոլորտը մեր հասարակության միջից: