Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Երկուստեք կարեւորվել են Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի քննարկմանը ներկայացված թեմաները: Նախագահ Սարգսյանը հատուկ անդրադարձել է նաեւ այս տարվա հիմնական քննարկումների համար Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի առաջարկած թեմային՝ միջնորդական ջանքերով հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, որը համահունչ է հակամարտությունների խաղաղ կարգավորման ՀՀ որդեգրած սկզբունքներին: Նշելով, որ Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանը՝ հագեցած ու բարդ օրակարգով արտացոլում է մեր ժամանակի խնդիրներն ու մարտահրավերները՝ Սերժ Սարգսյանը նստաշրջանի աշխատանքին՝ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի նախագահությամբ, մաղթել է հաջողություններ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն այդ պատեհ առիթով կրկին շնորհավորել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա վերանշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային այս կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին եւ արդյունավետորեն համագործակցում ՄԱԿ-ի բազմաթիվ կառույցների հետ: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է ՄԱԿ-ի դերն աշխարհում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման գործում: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:
Նախագահը նաեւ աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի եւ խորհրդի անդամների հետ:




























