«Բոկոտն թագուհի» մականունով հանրահայտ երգչուհի Սեզարիա Էվորայի` Երեւանում սեպտեմբերի 29-ին չեղյալ հայտարարված համերգի փոխարեն, հնարավոր է, որ կայանա այլ արտիստի համերգ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը`  հավելելով, որ այժմ աշխարհահռչակ երգչուհու համերգի կազմակերպիչ «Խրոնոգրաֆ» ընկերության հետ քննարկման փուլում է` համերգը փոխարինել այլ արտիստի համերգով, թե ոչ:

Նրա խոսքով` կլինի մեկ այլ համերգ ուրիշ արտիստի մասնակցությամբ, թե ընդհանրապես համերգ չի լինի, այդ մասին կտարածվի հաղորդագրություն: «Եթե անգամ համերգ չլինի, տոմսերի հետ խնդիր չկա, մարդիկ կգան, որտեղից որ գնել են, կվերցնեն գումարը»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը` հավելելով, որ մոտ 400-450 տոմս է վաճառվել, մեծամասամբ` հրավիրատոմսեր են բաժանվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Grammy եւ Victoire de la Musique մրցանակների դափնեկիր Սեզարիա Էվորան ուղեղի կաթված է ստացել, ծանր առողջական վիճակում է եւ ոչ միայն  չեն կայանա նրա` առաջիկայում նախատեսված համերգները, այլեւ նրա կարիերան ավարտվել է: Հիշեցնենք, որ երգչուհին մտադիր էր սեպտեմբերի 29-ին համերգով հանդես գալ Հայաստանում: Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին Կաբո-Վերդեի Մինդելո բնակավայրում: Նա երգում է 17 տարեկանից, սակայն առաջին սոլո-ալբոմը երգչուհին ձայնագրել է Լիսաբոնում երեք տարի անց: Ուշագրավ է, որ «Բոկոտն թագուհի» մականունը 70-ամյա երգչուհին ստացել է բոկոտն բեմ դուրս գալու իր սովորության համար: