Հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի մաքսային անցակետում հսկայական հերթ է գոյացել։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ընթերցողը, ներկայումս վրացական կողմից այլեւս մեքենաներ չեն թողնում անցնեն, քանի որ գոյացած հերթը հասնում է մինչեւ վրացական սահման։
«Անհասկանալի վիճակ է, չգիտենք Հայաստանի սահմանում ընդհանրապես սպասարկում իրականացնում են, թե ոչ։ Մոտ 170 մեքենայից բաղկացած հերթ է գոյացել։ Արդեն 4 ժամ է հերթում կանգնած ենք։ Մեկ ժամում 15 մետր հազիվ ենք առաջ գնում»,- ասաց խմբագրություն զանգահարած վրդովված ընթերցողը՝ նշելով, որ վրացական կողմը նորմալ սպասարկում է իրականացնում, եւ Հայաստանից Վրաստան գնացող հատվածում հերթեր չկան։


























