Մի քանի օրով Երեւան էին ժամանել ռուսական «Yandex» ընկերության «Яндекс.Новости» ծառայության ղեկավար Լեւ Գերշոնզոնը եւ գործընկերների հետ աշխատանքի ծառայության ղեկավար Տատյանա Իսաեւան։ Հետաքրքրությունը ընկերության որոնողական ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման նկատմամբ մեծ էր։ Դա նշեցին նաեւ հյուրերը։ «Ինչպես է աշխատում Яндекс.Новости»-ն սեմինարին ներկա էին հայաստանյան ինտերնետային մեդիայի շատ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բլոգերներ։ Հարցերը բազմաթիվ էին։
Լեւ Գերշենզոնը ընդգծված նշեց, որ ծառայությունը աշխատում է ամբողջովին ավտոմատ ծրագրով, որը թեմաների սյուժեներ կազմելի բազմաթիվ չափանիշներ է հաշվի առնում, ինչի արդյունքում տվյալ նորության սյուժեն գլխավորում է չափանաիշներին լավագույնս համապատասխանող կայքի նորությունը։ Ըստ նրա՝ հայկական լրատվական կայքերը պետք է միմյանց վրա հղումներ տան, որպեսզի նորությունների ծառայության ավտոմատ ծրագիրը կարողանա տվյալներ հավաքել։
«Яндекс.Новости»-ի ծրագիրը ուշադրություն է դարձնում նաեւ գրագողության վրա, կամ վերաշարադրման դեպքերի վրա (re-write)։ «Ծրագիրն անցնում է տեքստի վրայով, եւ որոշակի համապատասխանությունների դեպքում համարում է, որ այն վերաշարադրություն է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ դեպքում ծրագիրը նախապատվությունը տալիս է տվյալ լուրի մասին առաջին հաղորդումը տված կայքին։
Գերշենզոնի խոսքով՝ 2012 թ. ընթացքում «Яндекс.Новости»-ն նախատեսում է թողարկել ծառայություններ ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի լրատվական կայքերի համար։
Ըստ նրա՝ տարածաշրջանային նախագծի թողարկման դեպքում արդեն, նորությունների սյուժետավորման նախապատվությունը կտրվի տվյալ տարածաշրջանի լուսաբանումն իրականացնող կայքերին։
Հիշեցնենք, որ «Яндекс.Новости»-ն արդեն թողարկել է նման ծառայություն ուկրաիներեն եւ թուրքերեն կայքերի համար։




























